Ալեքսանդր Եսայանը
Մայքլ Դելը
Ռազմիկ Հովակիմյանը
15:50 | 10.08.26 | Նորություններ | 138
Firebird AI ընկերությունն օգոստոսի 8-ին Հայաստանում պաշտոնապես գործարկել է իր հավակնոտ մեգանախագիծը՝ տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության (ԱԲ) գործարանը։
Հրազդանի մերձակայքում գտնվող մեգակենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ ԱԲ հարթակի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։
Firebird-ը նաեւ հայտարարել է, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում՝ այս տարի CoreWeave-ի կատարած ավելի վաղ ներդրումից հետո: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաեւ ստեղծել ամենամեծ եւ ամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։
«ԱԲ գործարաններն այն ենթակառուցվածքն են, որոնք անհրաժեշտ են պետություններին գիտելիք ստեղծելու, տնտեսական աճն առաջ մղելու եւ ԱԲ դարաշրջանում մրցունակ լինելու համար։ Մենք Firebird-ի հետ Հայաստանում եւ Ղազախստանում կառուցում ենք ենթակառուցվածք, ինչը հետազոտողներին, ստարտափներին եւ արդյունաբերության ոլորտներին կտրամադրի հաշվողական այն հիմքը, որն անհրաժեշտ է տեղում արհեստական բանականություն մշակելու, աշխարհից նորարարներ ներգրավելու եւ համաշխարհային ԱԲ տնտեսությանը մասնակից դառնալու համար»,- նշել է NVIDIA-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը:
Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։ Մինչեւ 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն՝ հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell եւ Vera Rubin GPU-ների։ Նախագծի շրջանակում ԱԲ ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների եւ աշխարհի ամենանշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։
Կառուցված լինելով NVIDIA DSX հարթակի հիման վրա եւ միացված լինելով NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային համակարգին՝ Firebird-ի գործարանը մշակվել է ԱԲ ենթակառուցվածքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով․ այն թույլ է տալիս նույն տարածքում տեղադրել մինչեւ 40 տոկոս ավելի շատ GPU-ներ եւ առավելագույնի հասցնել յուրաքանչյուր մեգավատի արդյունավետությունը։
Ընկերության ընդլայնման ռազմավարությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Ղազախստանը դարձել է երկրորդ շուկան, որտեղ Firebird-ը «Data Center Valley»-ում ապահովել է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածքային հզորություն՝ ստանալով Ղազախստանի կառավարության համապատասխան հաստատումները, ինչպես նաեւ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման թույլտվությունը։ Միաժամանակ, մի շարք այլ զարգացող շուկաներում ընթացող ծրագրերի շնորհիվ ընկերությունը նպատակ ունի մինչեւ 2028 թվականի վերջն իր ԱԲ ենթակառուցվածքային հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի՝ ձեւավորելով աշխարհում ամենաարագ զարգացող ԱԲ ենթակառուցվածքային ցանցերից մեկը։
Ռազմիկ Հովակիմյանը
Ալեքսանդր Եսայանը
Մայքլ Դելը