12:20 | 19.08.26 | Նորություններ | 99
Հայ համահիմնադիրներ ունեցող Netris ընկերությունը ԱՄՆ-ում գործող մասնավոր ծրագրային ընկերությունների շարքում զբաղեցրել է 27-րդ տեղը՝ ըստ աճի տեմպերի։
Ընկերությունը հայտնել է, որ այս արդյունքը Nasdaq-ը ներկայացրել է նաեւ Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի էկրանին։
Ընկերության տվյալներով՝ վերջին 12 ամսվա ընթացքում տարեկան կրկնվող եկամուտը (ARR) աճել է 800%-ով եւ իրականացրել է ավելի քան 35 գործող տեղակայում աշխարհի խոշորագույն AI ամպային հարթակներում։
Ընկերությունում աճի հիմնական շարժիչներից մեկը համարում են AI ենթակառուցվածքների արագ զարգացումը։ AI ամպային հարթակների եւ AI գործարանների համար GPU կլաստերների տեղակայումը, ըստ Netris-ի, ենթադրում է ոչ միայն GPU-ների տեղադրում, այլեւ ցանցային ավտոմատացման, աբստրակցիայի եւ բազմավարձակալական համակարգերի (NAAM) կառավարում։ Netris-ը հենց այս ուղղությամբ է մշակում իր լուծումները՝ AI ենթակառուցվածքների ցանցերի ավտոմատացման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Netris-ը հայտարարել էր $15 մլն A սերիայի ներդրում ստանալու մասին։ Netris-ի համահիմնադիրներ Տիգրան Մարտիրոսյանը, Արսեն Առաքելյանը եւ Ալեքս Սարոյանը ընկերությունը հիմնել են 2018 թվականին։