12:55 | 01.09.26 | Նորություններ | 82

«Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ / UATE) դուստր ընկերություն «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ 

Այս քայլով ընկերությունը կապիտալի շուկայի գործիքներն ինտեգրում է իր ֆինանսավորման եւ հետագա զարգացման գործընթացում՝ միաժամանակ ընդլայնելով ներդրողների համար հասանելի գործիքների շրջանակը։

Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության՝ կապիտալի շուկայում գործունեության նոր փուլը՝ թափանցիկության, հաշվետվողականության եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ 

Ցուցակվել են 10,000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է ֆինանսական կայունության ամրապնդմանը, պարտքային բեռի օպտիմալացմանը, ինչպես նաեւ եկամուտների աղբյուրների ընդլայնմանն ու ռազմավարական ծրագրերի մասշտաբավորմանը։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։

««Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ ցույց է տալիս պարտքային ֆինանսավորման այս գործիքի կիրառելիությունը տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար։ Կապիտալի շուկան ընկերություններին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները եւ ձեւավորել զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական հիմքեր։ Միաժամանակ, հրապարակային շուկայում ներկայությունը ենթադրում է թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, որոնք կարեւոր են ներդրողների վստահության ամրապնդման համար։ Մենք կարեւորում ենք տարբեր ոլորտներ ներկայացնող նոր թողարկողների մուտքը Բորսա, քանի որ յուրաքանչյուր նման թողարկում նպաստում է Հայաստանի կապիտալի շուկայի խորացմանը եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Մեզ համար առանձնահատուկ կարեւոր է, որ ԱՏՁՄ-ն՝ լինելով ոչ առեւտրային կառույց, իր դուստր ընկերության միջոցով կարողացավ իրականացնել պարտատոմսերի նման հաջող թողարկում։ Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Որպես նրանց կատարած ներդրման գնահատման գլխավոր առիթ եւ արդյունքներին ծանոթանալու լավագույն հնարավորություն՝ բոլորին սիրով հրավիրում եմ նոյեմբերի 20-22-ը մասնակցելու Դիջիթեք 2026-ին։ 

Այն նոր մակարդակի վրա է բարձրացել՝ վերածվելով միջազգային նշանակության տեխնոլոգիական կոնֆերանսի եւ բիզնես միջոցառման։ Այս նախաձեռնությունները, միության անդամների կայուն աճը եւ մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ հստակ աշխատանքը մեզ վստահորեն դիրքավորում են որպես կանխատեսելի ֆինանսներ ունեցող թողարկող, ինչի համար իսկապես շատ հպարտ եմ»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ Էդիտա Ղազարյանը։

««Սիրիուս Կապիտալ»-ը հիմնելիս մենք նպատակ ենք հետապնդել նպաստելու հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, սակայն, տվեց այլ հաճելի պարտավորվածություն, այն է՝ նպաստել ոչ միայն հայկական ֆինանսական շուկայի զարգացմանը, այլ նաեւ Հայաստանի տեխնոլոգիական իրադարձությունների ոլորտի զարգացմանը։ 

Կարեւոր է նշել, որ այս տեղաբաշխման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը համապատասխան է ընկերության ոլորտին, օրինակ՝ առաջին անգամ կիրառվեց ԱԲ գործակալը՝ Արմինեն, որը ներդրողների հարցերին պատասխանում էր ռոբոտային ճշգրտությամբ եւ մարդկային ձայնով․ սա եւս մեկ քայլ է՝ տեխնոլոգիական փոփոխություններին ընդառաջ։ Առաջնային շուկայում պարտատոմսերի հաջողությունը շոշափելի էր՝ հարյուրավոր ներդրողներ եւ անսպառ վստահություն, ինչպես նաեւ բազմաթիվ ներդրողներ, որոնք սպասում էին պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուն»,- ասել է «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Մկրտչյանը։

Մասնագիտանալով միջոցառումների կազմակերպման, խորհրդատվության եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում՝ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն հանդիսանում է ԱՏՁՄ գործառնական թեւը եւ իրականացնում է միության կարեւորագույն նախագծերը, որոնցից առանցքայինը Digitec-ն է։

Այս տարի «Դիջիթեք 2026»-ը (Digitec 2026) կանցկացվի նոյեմբերի 20-22-ը՝ որպես միջազգային մակարդակի բիզնես եւ տեխնոլոգիական իրադարձություն՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ Երեւանում միավորելով տեխնոլոգիական ձեռներեցների, ներդրողների, ընկերությունների ու ստարտափների, մասնագետների, գիտնականների ու պետական հատվածի ներկայացուցիչների Եվրոպայից մինչեւ Արաբական ծոցի երկրներ, ԱՄՆ-ից մինչեւ Կենտրոնական Ասիա։