10:57 | 03.09.26 | Նորություններ | 100
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ներդրում է կատարել տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ իրականացնող վենչուրային կապիտալի Formula VC Fund II-ում /Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդից 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հավասարակշռված ֆոնդից՝ 90 հազար ԱՄՆ դոլար/։
Ներդրման միջոցով երկարաժամկետ կենսաթոշակային խնայողություններն ուղղվում են իրական տնտեսությունում գործունեություն ծավալող ընկերություններին։
Ցե-Կվադրատ Ամպեգայի ներդրումային թիմը իրականացրել է մանրակրկիտ համալիր ուսումնասիրություն՝ ֆոնդը եւ ֆոնդի կառավարումը գնահատելով մի շարք չափանիշներով։ Ներդրումային որոշումն ընդունվել է ռիսկերի համակողմանի վերլուծությունից եւ համապատասխանության ստուգումներից հետո։ Դրական որոշման վրա ազդած գործոններից են՝
* Պորտֆելի ռազմավարությունը եւ կառուցման մոտեցումը, որն ապահովում է տեխնոլոգիական ոլորտում էական դիվերսիֆիկացում:
* Թիմի գնահատականը Formula VC Fund I-ի մինչ օրս գրանցած արդյունքների վերաբերյալ:
* Կառավարիչ գործընկերների գործառնական փորձը եւ պորտֆելային ընկերությունների հետ նրանց անմիջական ու ակտիվ աշխատանքը:
* Շարունակական կատարելագործման հստակ հանձնառությունը, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ չափանիշների եւ միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ:
* Ուղիղ եւ հետեւողական հաղորդակցությունը թե՛ ներդրողների եւ թե՛ պորտֆելային ընկերությունների հետ:
«Այս ներդրումը կենսաթոշակային ֆոնդերի համար դիվերսիֆիկացման նշանակալի հնարավորություն է՝ երկարաժամկետ ներդրումային հորիզոնում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների համար լրացուցիչ եկամտաբերության նոր աղբյուր։
Այլընտրանքային ներդրումների միջոցով դիվերսիֆիկացումը համահունչ է ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարման համաշխարհային պրակտիկային եւ բխում է մեր ֆիդուցիար պարտականությունից։ Այս ֆոնդի միջոցով շուրջ 450 000 քաղաքացի, որոնց կենսաթոշակային ակտիվները կառավարվում են C-Quadrat Ampega-ի կողմից, հնարավորություն են ստանում մասնակցելու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում իրականացվող ներդրումներին։ Սա եւս մեկ կարեւոր քայլ է այն ներդրումային նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մենք կառավարում ենք նրանց անունից։
Ներդրումը կազմում է կառավարման ներքո գտնվող ակտիվների մոտ 0.3%-ը։ Ծավալը որոշվել է կենսաթոշակային ֆոնդերի համար ընդունելի ռիսկի սահմաններում։ Միեւնույն ժամանակ՝ ոլորտի համար այն կարեւոր նշանակություն ունի, քանզի երկարաժամկետ, համբերատար կապիտալը երկրում զգալի խթան կարող է հանդիսանալ»,- նշել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը: