11:43 | 08.09.26 | Նորություններ | 84

Քննարկվել է ֆրանսիական CEA-Leti-ի հետ համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Ռաֆի Դերդերյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են CEA-Leti-ի հետ համագործակցության ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդչային արդյունաբերության, ինժեներիայի եւ կիսահաղորդչային հետազոտությունների ոլորտներում։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը։ Քննարկվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Երեւանի պետական համալսարանների շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերի ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաեւ ուսանողների փոխանակման երկարաժամկետ ծրագրերի զարգացման հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում գործող միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաեւ գիտահետազոտական հաստատությունների հետ CEA-Leti-ի համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Քննարկումների առանցքում են եղել տեխնոլոգիական արդյունաբերության եւ ինժեներական նորարարության զարգացումը, IC design-ի, միկրոէլեկտրոնիկայի եւ նանոէլեկտրոնիկայի ոլորտներում համագործակցության խորացումը, արտադրական կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտահետազոտական էկոհամակարգի հետագա խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

CEA-Leti-ն Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո եւ նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է գիտական եւ արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների եւ նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։