15:29 | 10.09.26 | Նորություններ | 65

Դավիթ Թադեւոսյանը hանդիպել է ԱՏՁՄ խորհրդի անդամների հետ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը եւ ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։

Դավիթ Թադեւոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարեւոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։

Նախարարը կարեւորել է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ բաց, կառուցողական եւ շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի եւ առաջարկների պատշաճ ներառումից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման եւ համագործակցության նոր ուղղությունների ձեւավորման հնարավորություններին: