13:22 | 29.04.25 | Նորություններ | 342
Հայկական Denovo Sciences-ը, որը AI լուծումներով խթանում է դեղերի հայտնաբերումը, ներդրում է ստացել The Alchemist-ի Քաթարի մասնաճյուղից։
«Մեր համագործակցությունը Denovo-ի հետ խորացել է մի շարք նախաձեռնություններով Հայաստանում, որտեղ մենք առաջին անգամ հանդիպեցինք թիմին մեր գործընկերներ Triple S Ventures-ի միջոցով։ Քաթարում անձամբ ծանոթացանք հիմնադիրների եւ գիտական ղեկավարության հետ, ինչպես նաեւ Պալո Ալտոյում՝ ամրապնդելով մեր համագործակցությունը։ Քաթարում անցկացված հանդիպումները հատկապես տպավորիչ էին, քանի որ ընդգծեցին Denovo-ի նորարարական աշխատանքի եւ Քաթարի՝ կյանքի գիտությունների ու deep tech նորարարությունների գլոբալ կենտրոն դառնալու հավակնությունների միջեւ խոր կապը։
Մեր փոխգործակցությունը Denovo-ի հետ Քաթարում ոգեշնչող էր։ Թիմի պատրաստակամությունն՝ տեղափոխվելու եւ ինտեգրվելու Քաթարի նորարարական էկոհամակարգում, համահունչ է երկրի ռազմավարական նպատակներին՝ կյանքի գիտությունների եւ արհեստական բանականության ոլորտներում։ Denovo-ի նորագույն AI հարթակը ուժեղացնում է Քաթարի ջանքերը՝ խթանելու deep tech ստարտափները, որոնք կարող են իրական արդյունքներ ապահովել առողջապահության ոլորտում։ Մենք ուրախ ենք աջակցել Denovo-ի ճանապարհին՝ որպես Դոհայի կենսունակ գիտական համայնքի անբաժան մաս»,- նշվում է The Alchemist Doha-ի հայտարարությունում։
Denovo Sciences-ը խորքային տեխնոլոգիաների ընկերություն է, որը ստեղծում է նորարարական թերապեւտիկ լուծումներ՝ կիրառելով առաջադեմ AI տեխնոլոգիաներ: Ստարտափը կիրառում է Խորքային ուժեղացված ուսուցումը (Deep Reinforcement Learning - DRL), որպեսզի լուծի բարդ խնդիրներ՝ կապված դեղամիջոցների հայտնաբերման հետ:
Denovo Sciences-ը ստեղծվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Առաջատար լուծումների կենտրոնի (ASCENT) ծրագրի շրջանակում: