Մայիսից Թումո Բեռլինի գործառնական կառավարումն ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով:
Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ` Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից:
Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում է 1000-ից ավելի ուսանող եւ ուսումնասիրում նորարական 10 ոլորտ։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների եւ շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։
«Մենք մշտապես սերտորեն աշխատում ենք այլ երկրների գործընկերների հետ Թումոյի կրթական մոդելն ադապտացնելու եւ կիրառելու համար, սակայն կառավարման ամբողջական ստանձնումը, որն իրականացնելու ենք հենց Բեռլինում գործարկված TUMO Deutschland-ի միջոցով, իհարկե, թույլ կտա ավելի արդյունավետ ու լիարժեք փոխանցել Թումոյի կրթական փիլիսոփայությունն ու արժեքները Թումո Բեռլինի պատանիներին», - նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
«Ուրախ ենք ստանձնել Թումո Բեռլինի լիարժեք կառավարումը, ինչը թույլ կտա երիտասարդների համար դինամիկ ու ստեղծարար կրթական միջավայր ձեւավորել եւ նրանց ապագային միտված հմտություններ ընձեռել: Սա զուտ կազմակերպչական փոփոխություն չէ, այլ Գերմանիայի պես կայացած կրթական համակարգով երկրի կողմից հայկական կրթական նախաձեռնության հանդեպ բարձր վստահության եւ գնահատանքի ապացույց», - նշված է TUMO Deutschland-ի ղեկավարության հայտարարության մեջ։
Թումո կենտրոններ գործում են նաեւ Գերմանիայի Մանհայմ եւ Հիրշայդ քաղաքներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր կենտրոններ գործարկել Լյուդենշայդում, Զաարբրյուքենում եւ Էսսենում:
Թումո կենտրոններ կան նաեւ Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, իսկ մինչեւ տարվա վերջ նախատեսվում է նոր կենտրոններ բացել Ճապոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում եւ այլուր: