15:46 | 05.05.25 | Նորություններ | 374
Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրել են Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները եւ արդյունքները։
Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին եւ էքսպոյին ընդառաջ։
Նպատակ ունենալով ադապտացնել թվային ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը եւ արհեստական բանականությունը մեր ապագային` ֆորումի կազմակերպիչները փորձում են հնարավորինս լայն լսարանին ծանոթացնել այս անհրաժեշտ միտումների եւ տեխնոլոգիաներին։
Նախաճաշի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ներկայացվել է Silicon Mountains-ի պատմությունը, փորձն ու ձեռքբերումները 2019-ից ի վեր, քննարկվել են Լոռիում ներկայացվելիք թեմաները, առաջարկվել գործիքներ ու կոնտեքստ՝ տեխնոլոգիական բովանդակությունը հանրամատչելի դարձնելու համար։
Նախաճաշի մասնակիցների թվում էին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների եւ տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Յանդեքս» Հայաստան եւ Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը։
«Silicon Mountains-ը տեխնոլոգիական ֆորում է, սակայն այն միայն տեխնոլոգիական համայնքի համար չէ։ Այն նախատեսված է եւ՛ գործարարների, եւ՛ դպրոցականների, ինչպես նաեւ ցանկացած քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ՏՀՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլ նաեւ երկրի զարգացման գլխավոր լոկոմոտիվը եւ գործիքը։ Շատ կարեւոր է նման ֆորում անցկացնել մարզում, որովհետեւ այնտեղ առկա է ավելի մեծ զարգացման պոտենցիալ, քան Երեւանում», - ասել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
«Նման միջոցառումների անցկացմանն աջակցելու մեր հիմնական նպատակն է տեխնոլոգիաների մասին քննարկումներն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնել մեր երկրի համար։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, որ բոլորիս ապագան տեխնոլոգիաների հետ է կապված։ Վստահ եմ, որ զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում կարող է շատ մեծ լինել, եթե տեխնոլոգիական ու լրագրողական համայնքների միջեւ լինի փոխըմբռնում ու ընդհանուր նպատակի շուրջ համաձայնություն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս միջոցառումը միայն տեխնոլոգիաների մասին չէ. այն ծանրության կենտրոնը տարածաշրջան տեղափոխելու, գիտելիքների բացերը լրացնելու եւ Հայաստանի թվային ապագան միասնականորեն կառուցելու մասին է։ 2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական եւ նորարարական ֆորումներից մեկը։ Այս տարի մեր հիմնական ուղերձը հստակ է. նորարարությունը պետք է լինի ներառական, եւ թվային փոխակերպումը պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր անկյուն։ Ահա այս պատճառով Silicon Mountains-ը գնում է Լոռի», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։
Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի շրջանակում տեղական եւ միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով՝ թվայնացման վերաբերյալ տարբեր տնտեսական ոլորտներում եւ կիբեռանվտանգության աճող նշանակության մասին արհեստական բանականության դարաշրջանում: