ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանի գլխավորությամբ կայացել է «Mistral AI» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ կառավարության եւ ազգային զարգացման մեջ արհեստական բանականության (ԱԲ) դերի վերաբերյալ ռազմավարական պատկերացումներ տրամադրելը, արհեստական բանականության գործնական կիրառությունները կառավարման, տնտեսության եւ անվտանգության ոլորտում ներկայացնելը եւ ԱԲ նախագծերի քաղաքականության ու փորձնական իրականացման շրջանակները քննարկելն ու բացահայտելը:

Նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, ողջունելով ներկաներին եւ կարեւորելով հանդիպման անցկացումը, մեկ անգամ եւս վերահաստատել է արհեստական բանականության հեղինակավոր այս կազմակերպության եւ նախարարության համագործակցությունը՝ խթանելու ԱԲ ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։

«Mistral AI» ընկերության ներկայացուցիչ Գիյոմ Բուրը հանգամանալից ներկայացրել է ընկերության գործունեությունը, արհեստական բանականության հիմունքներն ու համաշխարհային միտումները:

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման եւ ավտոմատացման, կառավարման, անվտանգության եւ տնտեսական զարգացման համաշխարհային ԱԲ միտումներին, ԱԲ-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, ԱԲ-ի ազդեցությանը կառավարության գործունեության եւ քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների եւ ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, ԱԲ մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերլուծությանը, ԱԲ կիրառմամբ արդարադատությանը, առողջապահական եւ սոցիալական ծառայություններին աջակցման եւ բարելավման մեխանիզմներին, ինչպես նաեւ թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի համար առաջարկվող արհեստական բանականության ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին:

Հանդիպմանը նախորդել է «Mistral AI»-ի ներկայացուցիչների հետ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների նախաճաշ-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղվածությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։