15:15 | 16.05.25 | Նորություններ | 752
Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարարության եւ տեխնոլոգիաների էպիկենտրոն․ հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների եւ նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։
Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է «Կիբեռանվտանգությունը եւ տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով եւ տեսակետներով կիբեռանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։
Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը եւ ավտոմատացումը», ինչպես նաեւ «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր․ Յոշիակի Հագիվարան։
«AI-ն այսօր բոլորի համար անհրաժեշտ միջոց է առօրյա աշխատանքն ու կյանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, նաեւ կիբեռանվտանգությունն արդեն վաղուց բոլորիս կյանքի անբաժանելի մաս է։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ ժամանակակից այս տեխնոլոգիաների շուրջ քննարկումը պիտի լսելի դառնա Հայաստանում բոլորի համար։ Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաեւ խոսել կիբեռանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ՝ մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Նախ, մարզային զարգացումն իրապես առաջնային ուղղություն է մեր միության համար։ 2019 թվականից մենք սկսել ենք աշխատել մարզային համայնքների հետ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում եւ Սյունիքում։ Երկրորդ՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին, տալ նրանց նոր հնարավորություններ, օգնել նրանց հասնել միջազգային մակարդակի։ Երրորդ՝ նպատակ ունենք մարզերում կիրառել առաջատար STEM կրթական ծրագրերը, որոնք մշակել ենք մեր անդամների հետ։ Դրանք են՝ «Արհեստական բանականության» դպրոցական ծրագիրը, «Հեռահաղորդակցություն եւ Ինտերնետի իրերի» (IoT) ծրագիրը, եւ այլ նախագծեր։ Չորրորդ՝ ուզում ենք կիսվել փորձով եւ գիտելիքով, ներգրավել առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների եւ պետական ներկայացուցիչների մասնակցությունը։ Եվ վերջապես՝ ցանկանում ենք բերել միջազգային ընկերությունների գործարար մշակույթը մարզ, ու խթանել մարզային ներդրումները», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։
Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաեւ «Կիբեռպատերազմ» խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում երկու փորձառու թիմ, կազմված կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներից, հաջորդաբար եղան հարձակվողի եւ պաշտպանվողի դերում։
Ունկնդիրները ծանոթացել են ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների եւ գործիքների, արդյունավետ արձագանքման եւ պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբեռանվտանգության վերջին միտումները։ Աշխատաժողովը նախատեսված էր կիբեռանվտանգության մասնագետների, ցանցային ճարտարապետների, ՏՀՏ ղեկավարների, բիզնեսի առաջնորդների եւ ՏՀՏ ենթակառուցվածքների կայունությամբ ու հասանելիությամբ հետաքրքրված մասնակիցների համար։