Reddit-ը սահմանափակել է իր տվյալների հասանելիությունը Internet Archive-ի համար՝ կանխելու AI-ի ուսուցման նպատակով բովանդակության հավաքումը։
The Verge-ի տեղեկացմամբ՝ 2025թ. օգոստոսի 11-ից Internet Archive հարթակը այլեւս չի պահպանում Reddit-ի գրառումները, մեկնաբանությունները եւ օգտատերերի պրոֆիլները․ հասանելի կմնա միայն սոցիալական ցանցի գլխավոր էջը, որտեղ ցուցադրվում են հայտնի հրապարակումներ եւ նորությունների վերնագրեր։
«Մենք հասկանում ենք, որ Internet Archive-ը պաշտպանում է բաց ինտերնետի գաղափարը։ Սակայն դրա միջոցով որոշ AI ընկերություններ հավաքում են տվյալներ մեր եւ այլ հարթակներից, եւ մենք դրա ապացույցներն ունենք», - The Verge-ին ասել է Reddit-ի ներկայացուցիչ Թիմ Ռատշմիդտը։
Նա հավելել է, որ հասանելիությունը կարող է վերականգնվել, եթե Internet Archive-ը ապահովի հարթակի պաշտպանությունը եւ հետեւի սոցիալական ցանցի կանոններին․ օրինակ՝ հեռացնի այն բովանդակությունը, որն արդեն ջնջվել է Reddit-ից, եւ երաշխավորի օգտատերերի գաղտնիությունը։
Ավելի վաղ Reddit-ը հայտարարել էր, որ Microsoft, Perplexity եւ Anthropic ընկերությունները օգտագործել են հարթակի տվյալները AI ուսուցման համար՝ առանց թույլտվության։ Վերջինի դեմ ընկերությունը դատական հայց էր ներկայացրել 2025թ. հունիսին։ Բացի այդ, որոնողական համակարգերի համար հասանելիությունը փակվել էր մինչեւ համապատասխան համաձայնագրերի ստորագրումը․ այս պայմաններին առայժմ համաձայնվել են միայն OpenAI-ը եւ Google-ը։