Instagram-ն աշխատում է «Picks» անվամբ գործառույթի վրա, որը նպատակ ունի օգնել օգտատերերին գտնել ընդհանուր հետաքրքրություններ:
Այս գործառույթն առաջին անգամ նկատել եւ հրապարակել է էկրանի նկարներ ինժեներ Ալեսանդրո Պալուցին։ Դրանց համաձայն՝ մարդիկ ընտրում են իրենց սիրելի ֆիլմերը, գրքերը, հեռուստաշոուները, խաղերը եւ երաժշտությունը, այնուհետեւ Instagram-ը գտնում է համընկնումներ նույն բաներն ընտրած ընկերների հետ։
Չնայած Instagram-ը դեռ մանրամասններ չի ներկայացրել գործառույթի մասին, սակայն ընկերությունը, հավանաբար, այս գորրծառույթը դիտարկում է որպես օգտատերերի համար ընկերների հետ ավելի անձնական կապ հաստատելու եւ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ զրույցներ սկսելու միջոց։
#Instagram is working on Picks
— Alessandro Paluzzi (@alex193a) August 6, 2025
Add what you're into and find overlap with friends who are all about it too pic.twitter.com/NXSqoGtqvf
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսսերին այս տարվա սկզբին հայտարարել էր, որ սոցիալական ցանցը 2025 թվականին կենտրոնանալու է ստեղծագործականության եւ կապի վրա: Իհարկե, ոչ բոլորը կողջունեն Picks-ը, քանի որ այն ավելացնում է եւս մեկ գործառույթ արդեն իսկ գերծանրաբեռնված հավելվածին: Instagram-ը բախվում է բացասական արձագանքների Instagram Map-ի թողարկումից հետո, շատ օգտատերեր ասում են, որ երբեք չեն ցանկացել ունենալ այս գործառույթը։
Ինչպես ցանկացած այլ մշակման փուլում գտնվող գործառույթի դեպքում, հայտնի չէ, թե երբ կամ արդյոք Instagram-ը պլանավորում է պաշտոնապես գործարկել Picks-ը։