11:23 | 21.08.25 | Նորություններ | 266
Ucom-ի աջակցությամբ Արեւորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան։
Նոր տեղադրված արեւային կայանի շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․ կենտրոնը հնարավորություն կունենա գործել նաեւ տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաեւ ընդլայնել մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը:
«Մենք Ucom-ում ամեն ինչ անում ենք կայուն էներգիան ամենուրեք հասանելի դարձնելու համար՝ Վայոց ձորում արդեն հինգերորդ արեւային կայանն ենք տեղադրում։ Մշակույթը եւ արվեստը անչափ կարեւոր են երիտասարդների կրթության համար, եւ մենք ուրախ ենք, որ կանաչ տեխնոլոգիաները նպաստելու են այդ ոլորտի զարգացմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում Ucom ընկերությանը՝ մշակույթի կենտրոնում նման կարեւոր եւ արդիական ներդրում կատարելու համար։ Արեւային կայանի տեղադրումը թույլ կտա կենտրոնին դառնալ ինքնաբավ, ինչը կնպաստի շենքի պահպանությանն ու միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար» - նշել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։
«Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլեւ երկարաժամկետ ներդրում են համայնքների սոցիալական ու մշակութային կենսունակության մեջ», - նշել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Ucom-ի եւ Արեւորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարվա ընթացքում արդեն տեղադրվել է 14 արեւային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում եւ ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։