«ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը, ակնկալում է գերազանցել 40 000 այցելուի շեմը։

Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ներկայացրել է այս տարվա կանխատեսումը՝ մասնակիցներ եւ այցելուներ շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում։ 

Տեխնալոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի եռամիսասնության ձեւաչափով անցկացվող ԴիջիԹեքն այս տարի 3 oրերի ընթացքում կունենա նախնական գրանցում անցած 40 000 այցելու, ինչը ԴիջիԹեքը դարձնելու է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգավածայինը։  

Նախորդիվ ԱՏՁՄ-ն արդեն հրապարակել էր կոնֆերանսի խոսնակների առաջին տասնյակը, որոնց թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ Րեւ Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոուլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ,  Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) եւ համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ այլ տեխնոլոգիական դերակատարներ։  

«ԴիջիԹեք 2025»-ն իրականացվում է ՀՀ Կառավարության եւ Երեւանի Քաղաքապետարանի աջակցությամբ։ 

«Մենք հպարտ ենք, որ այս տարի կհյուրընկալենք տեխնոլոգիական աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից շատերին։ «ԴիջիԹեք 2025»-ը լինելու է ավելի քան միջոցառում։ Այն լինելու է ապագայի քարտեզագրման կետ։ Մենք հավատում ենք, որ այս հարթակը շարունակելու է նպաստել Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։ 

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ եւ՛ ցուցահանդեսային, եւ՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների եւ իրադարձությունների աննախադեպ խտություն:

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն իրագործել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։