OpenAI-ը հայտարարել է նոր հարթակի գործարկման մասին, որը կօգնի մասնագետներին եւ ընկերություններին գտնել լավագույն համընկնումը՝ հիմնված արհեստական բանականության (AI) ոլորտի հմտությունների եւ պահանջների վրա։ 

Հարթակը կկոչվի OpenAI Jobs Platform եւ կգործարկվի 2026 թվականի կեսերին, հայտնում է TechCrunch-ը։

Հարթակում հնարավոր կլինի հրապարակել ինչպես փորձառու AI մասնագետների, այնպես էլ սկսնակների համար նախատեսված աշխատանքային հայտարարություններ։ Այն ուղղված է ոչ միայն խոշոր ընկերություններին, այլեւ՝ փոքր բիզնեսին եւ պետական կառույցներին՝ օգնելու նրանց մրցունակ լինել եւ գտնել համապատասխան մասնագետների։

Բացի այդ, OpenAI-ը ներկայացնում է նոր սերտիֆիկացման ծրագիր՝ OpenAI-Certified, որի միջոցով մասնագետները կկարողանան հաստատել իրենց հմտությունները։ Ծրագիրը կունենա տարբեր մակարդակներ՝ սկսած AI-ի հիմնական օգտագործումից մինչեւ տեքստային հրահանգների (prompt) ստեղծում եւ մոդելների անհատականացում։