ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ «Սիսկո Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ 

Հուշագրի նպատակն է խթանել եւ զարգացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում։

«Սիսկո» ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաեւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ:

ԲՏԱ Նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ պետության համար կարեւոր է Հայաստանում գործող ցանկացած տեխնոլոգիական ընկերության գործունեությունը, սակայն առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ որոշ ընկերություններ նաեւ ռազմավարական ներդրումներ են անում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրերում՝ ուղղված մասնագիտական ներուժի զարգացմանը, կրթության եւ նորարարության խթանմանը:

Հուշագիրը հիմնված է «Սիսկո» ընկերության կողմից մեկնարկած «Ցանցային ակադեմիա» (Cisco Networking Academy) ծրագրի վրա, որի նպատակը մասնագետների պատրաստումն է՝ համակարգչային ցանցերի նախագծման, կառուցման եւ սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։

Այս ակադեմիական նախաձեռնության ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կնպաստի երիտասարդ սերնդի տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը եւ երկրի թվային վերափոխման գործընթացի առաջխաղացմանը։