«Դասավանդի՛ր-Հայաստան»-ի Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) գործընկերների հետ
Մեկնարկել է WIN4Education ծրագիրը
12:15 | 23.09.25 | Նորություններ | 90
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է WIN4Education ծրագիրը՝ նշանավորելով ծրագրի ընդունելության փուլի ավարտը Հայաստանում եւ դրա մեկնարկը Վրաստանում։
Վեցամսյա անվճար դասընթացներ եւ մենտորություն, 100-ական մասնակից Հայաստանից եւ Վրաստանից, կրթական նորարարությունների սկիզբ տարածաշրջանային մակարդակով։ FAST-ը շարունակում է կրթությունից դեպի նորարարության զարգացման իր ուղին՝ բացահայտելով կանանց ու երիտասարդների ներուժը եւ վերածելով նրանց փորձը ձեռնարկատիրական գաղափարների։
«Միավորելով ուժերը տեղի եւ միջազգային գործընկերների հետ՝ WIN4Education-ը բացառիկ հարթակ է ստեղծում՝ վերածելու ԳՏՃՄ ոլորտում կրթական փորձառությունը ձեռնարկատիրական նախաձեռնությունների թե՛ անհատական, թե՛ համայնքային եւ թե՛ տարածաշրջանային մակարդակում»,- նշել է FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի, իսկ Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ։ Հիմքում անցած տարի FAST-ի մեկնարկած «Նորարար կանայք»/Women Innovators (WIN) ծրագիրն է։
Դառնալով ավելի ընդգրկուն, մասշտաբային եւ երկարաժամկետ՝ ծրագիրն այս տարի շարունակականություն է ստանում Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության, Helvetas-ի, Help - Hilfe zur Selbsthilfe-ի շնորհիվ իրականացվող «RECONOMY» ծրագրի աջակցությամբ:
«WIN4Education-ի հիմքում երկու կարեւոր գործոն է՝ ներառականությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը։ Այսպիսի նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք ստեղծել ավելի ուժեղ ու դիմացկուն հասարակություններ, խթանել նորարարությունը եւ քայլեր կատարել առաջընթացի համար»,- նշել է Արեւելյան գործընկերության երկրների գծով Help – Hilfe zur Selbsthilfe-ի համակարգող Իրինա Ստամատովիչը։
Միջոցառումը մաս էր կազմել նախորդ շաբաթ Հայաստանում հյուրընկալված «Gateway to Europe» համաժողովի: