Հոկտեմբերի 10-12-ը «ԴիջիԹեք 2025»-ն այս տարի առաջին անգամ կանցկացվի երեք օր, երեք գիշեր ձեւաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով:
Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով եւ կոնֆերանսով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչեւ Մուրկոֆ։
40 000 այցելու շուրջ 20 երկրից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) է։
«Տարվա ամենասպասված եւ ազդեցիկ տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, իր 20-ամյակի շրջանակում խոստանում է նոր բարձունքներ։ Այսօր արդեն ազդարարում ենք «ԴիջիԹեք 2025»-ի մեկնարկը եւ եւս մեկ անգամ փաստում, որ Երեւանը շարունակում է դիրքավորվել որպես տեխնոլոգիական առաջատար կենտրոն տարածաշրջանում։ Քաղաքապետարանի համար կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է Երեւանը դարձնել ժամանակակից եւ նորարար, տեխնոլոգիապես գրավիչ քաղաք», - նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը ներկայացրել է կոնֆերանսի խոսնակների անունները։
«Այս տարի ունենալու ենք երեք ձեւաչափ՝ մեր դասական սիրված ցուցահանդեսը՝ տեխնոլոգիական էքսպոն, կոնֆերանսը, որտեղ 100-ից ավելի տեխնոլոգիական առաջնորդ կլինի, ինչպես նաեւ աշխատարաններ մեր խոսնակների կողմից։ Այս երեք օրերին Երեւանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչեւ Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ»,- նշել է Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս տարի «ԴիջիԹեք 2025»-ը համագործակցում է «Rambalkoshe» համայնքի հետ, որն իր հանրահայտ «DZEN» փառատոնը բերում է «ԴիջիԹեք»․ ելույթ են ունենալու աշխարհահռչակ դիջեյներ, ինչպես նաեւ համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը՝ երեք այլ աշխարհահռչակ երաժիշտների հետ նույն բեմում։ «ԴիջիԹեք 2025»-ի ընթացքում նախատեսվում են նաեւ մարզական ուշագրավ միջոցառումներ՝ յոգա, վազք եւ այլն։
Նշվում է, որ «ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։
Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ եւ՛ ցուցահանդեսային, եւ՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների եւ իրադարձությունների աննախադեպ խտություն: