Հոկտեմբերի 3–5-ը Երեւանում եւ Վանաձորում կկայանա «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը, որի առաջին երկու օրերն այս տարի կանցկացվեն Ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանի խոսքով` սա պետություն–մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է, երբ պետությունը ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք ծառայում են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը։ 

Այս տարվա կարեւորագույն առանձնահատկություններից է արհեստական բանականության ընդգրկումը որպես առանցքային թեմա։

Emerson-NI Երեւանի գրասենյակի ղեկավար Արսեն Առուստամյանը նշել է, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը հարթակ է, որտեղ միջազգային ընկերություններն ունեն հնարավորություն ուսումնասիրելու Հայաստանի ներուժը։ Նա ընդգծել է, որ այն մեկ կազմակերպության նախաձեռնություն չէ, այլ՝ համայնքային գործ՝ մասնագետների համախմբման, ապագա ճարտարագետների ոգեշնչման, խնդիրների բացահայտման եւ ներդրումների ներգրավման համար։ 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ «Ճարտարագիտական շաբաթ»-ի գաղափարը սկիզբ է առել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից եւ միջոցառումների շարքը նպատակ ունի ընդգծել ոչ միայն Երեւանի, այլեւ՝ մարզերի ներուժը։ Նրա խոսքով` գլխավոր նպատակը մասնագիտական քննարկումների միջոցով խնդիրների բացահայտումն ու դրանց լուծման ուղիների որոնումն է, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների համար հարթակի ստեղծումը՝ Հայաստանի հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։