Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել են միջոցառման նոր ձեւաչափն ու այս տարվա խոսնակներին։ 

Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների եւ տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի եւ հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը, ինչպես նաեւ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս տարի գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։ Խոսնակներն ու հյուրերը քննարկել են ԱԲ կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների եւ մարդկանց կյանքի որակի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։   

«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, եւ, նաեւ Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման եւ արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել  միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել  գործընկերների շրջանակը։

Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, եւ կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։

Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն,  միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, եւ մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի եւ միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով եւ նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ եւ հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը եւ նորարարությունը սահմաններից այն կողմ»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։ 

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձեւավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում եւ արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B եւ անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաեւ Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։ Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն անցկացվում է արդեն վեցերորդ տարին՝ ՏՀՏ գործատուների միության կողմից։ Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին երեք տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։