Մեկնարկել է տարվա կարեւորագույն տեխնոլոգիական իրադարձություն «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձեւաչափով՝ հոկտեմբերի 10-12-ը։ 

Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով եւ կոնֆերանսով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր Տիգրան Համասյանից մինչեւ Մուրկոֆ։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երբ «ԴիջիԹեք»-ը նոր էր մեկնարկում, ինքն առաջին «ԴիջիԹեք»-ի մասնակիցներից էր։ Նա վերհիշել է՝ հիմնադիրների նպատակն ու երազանքն էր, որ տեխնոլոգիական տոնին ներկայանան ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային ընկերությունները, ինչն արդեն իսկ հաջողված պատմություն է։ 

««ԴիջիԹեք»-ը նշում է իր քսանամյակը, եւ քսան տարվա ընթացքում մեր քաղաքը եղել է այդ իրադարձության մասը։ Երեւանը ոչ միայն հյուրընկալում է «ԴիջիԹեք»-ը, այլեւ ներկայանում է որպես տեխնոլոգիական քաղաք։ Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, կանաչ, մարդակենտրոն․ եւ այս օրերին մենք ներկայացնելու ենք նաեւ Երեւանի լուծումները։ Երեւանն այսօր ապացուցում է, որ տեխնոլոգիան կարող է փոխել քաղաքն ու կյանքը»,- նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Իմ կարծիքով՝ «ԴիջիԹեք»-ը նպատակ ունի աշխարհին ցույց տալ մեր տեխնոլոգիական ձեռքբերումները։ Այն լավ առիթ է, որ իրար տեսնենք եւ մեր գրանցած նվաճումների մասին խոսենք։ «ԴիջիԹեք»-ից հետո նոր լիցքերով վերադառնալու ենք կատարելու մեր աշխատանքը»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

ԱՏՁՄ համահիմնադիր Հովհաննես Ավոյանի խոսքով՝ DigiTec-ի առաջին միջոցառումները սկսվել են շատ համեստ ձեւաչափով՝ ընդամենը 30 ընկերություն փոքր սրահում, բայց արդեն այն ժամանակ երազանք կար այն դարձնել համապետական մասշտաբի միջոցառում:

Միջոցառմանը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհավորել է բոլորին եւ շնորհակալություն հայտնել «ԴիջիԹեք»-ի աշխատանքներում ներգրավված բոլոր մասնակիցներին։ Նա ներկաների համար ընթերցել է «ԴիջիԹեք»-ի այս տարվա մանիֆեստը։ 

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ եւ՛ ցուցահանդեսային, եւ՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրված են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 

20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների եւ իրադարձությունների աննախադեպ խտություն:

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել եւ իրագործել էր տեխնոլոգիական համայնքի առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։ 

Նշենք, որ «ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։