Հոկտեմբերի 22-24-ը կանցկացվի «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025 միջոցառումը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության եւ թվային կառավարման հիմնաքարը։
«Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարեւոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող եւ ընդլայնվող կիբեռսպառնալիքները։ Սա պահանջում է հստակ եւ նպատակային քայլեր, որոնք կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների եւ միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է կառավարության նախաձեռնած ինստիտուցիոնալ եւ օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են պետական եւ մասնավոր կառույցների միջեւ հստակ համակարգված պատասխանատվության, անվտանգության միասնական ստանդարտների եւ արձագանքման մեխանիզմների ձեւավորմանը՝ ապահովելով կիբեռանվտանգության արդյունավետ եւ համակարգված կառավարում։
ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025-ն ազգային իրազեկման եւ կարողությունների զարգացման արշավ է, որն ուղղված է միջազգային կիբեռանվտանգության ոլորտում աշխատող մասնագիտացված թիմերի եւ ազգային կառույցների համագործակցության խորացմանը։ Մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն կիբեռմիջադեպերին արդյունավետ արձագանքման փորձառություններ եւ կստեղծեն երկարատեւ գործընկերություն՝ ձեւավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։
Նախատեսվում են ինտերակտիվ ձեւաչափով վարժանքներ, սցենարային վերլուծություններ եւ գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին համակարգված եւ արագ արձագանքելու հմտությունների զարգացմանը։
«ԿիբեռԱմիս 2025»-ը եւ դրա շրջանակում անցկացվող միջոցառումների շարքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։