Meta-ն արհեստական բանականության բաժնում կազատի մոտ 600 աշխատակցի՝ իր աշխատանքային հոսքն «ավելի ճկուն» դարձնելու համար։

Axios-ը առաջիններից էր, որ հայտնեց կրճատումների մասին՝ հղում անելով ներքին գրառմանը։ Փաստաթղթի համաձայն, ընկերությունը նախատեսում է վերացնել ավելորդ բյուրոկրատիան եւ իր աշխատանքային հոսքն ավելի ճկուն դարձնել։

Meta-ն ակնկալում է, որ տուժած աշխատակիցների մեծ մասը կտեղափոխվի ընկերության ներսում այլ պաշտոնների։ Meta-ի խոսնակը CNBC-ին հաստատել է կրճատումների մասին լուրերը։

Կրճատումները կանդրադառնան արհեստական բանականության ենթակառուցվածքների, հիմնարար հետազոտությունների եւ արտադրանքի մշակման վրա կենտրոնացած բաժինների աշխատակիցների վրա։ The Verge-ի փոխանցմամբ՝ ընկերությունը շարունակում է վարձել TBD Lab-ի համար, որը նորաստեղծ ստորաբաժանում է՝ կենտրոնացած «սուպեր բանականության» վրա։

Bloomberg-ը նշում է, որ Meta-ն «միլիարդավոր դոլարներ» է ծախսել ոլորտի լավագույն տաղանդներին ներգրավելու համար։ Մասնավորապես, գործակալության տվյալներով՝ 2025 թվականի ամռանը ընկերությունը 14.3 միլիարդ դոլար է ներդրել արհեստական բանականության Scale AI ստարտափում։ Դրա համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Վանգը դարձել է Meta-ի արհեստական բանականության գլխավոր տնօրենը։