OpenAI-ը աշխատում է երաժշտություն ստեղծելու եւ խմբագրելու նեյրոնային ցանցի վրա, որն ընկերության առաջին փորձը չէ երաժշտական մոդել թողարկելու. այն արդեն ցուցադրել է երկու նման նեյրոնային ցանց։

Արհեստական բանականությունը մարզելու համար ընկերությունը համագործակցում է Ջուլիարդ դպրոցի հետ, որը ԱՄՆ-ի ամենամեծ արվեստի եւ երաժշտական դպրոցներից մեկն է, հաղորդում է The Information-ը։

Միասին նրանք աշխատում են պարտիտուրների մեկնաբանման վրա, որպեսզի  դրանք երաժշտություն ստեղծող արհեստական բանականության համար մարզման տվյալների վերածեն:

Մոդելը կարող է օգտագործվել զրոյից աուդիո ձայնագրություններ ստեղծելու կամ, օրինակ, արդեն իսկ գոյություն ունեցող վոկալային թրեքին կիթառային նվագակցություն ավելացնելու համար։ Այն կարող է օգնել OpenAI-ին մրցակցել Suno-ի եւ Udio-ի հետ։

Նախագծի մասին մանրամասները քիչ են։ Հայտնի չէ, թե արդյոք ծառայությունը կինտեգրվի ChatGPT-ի կամ Sora-ի հետ, թե կթողարկվի որպես առանձին հավելված։ OpenAI-ը դեռեւս չի մեկնաբանում։

2019 թվականին ընկերությունը ներկայացրել էր MuseNet-ը՝ մոդել, որը կարող է ստեղծել նոր երաժշտություն՝ առանց վոկալի կամ «մշակել» արդեն իսկ գոյություն ունեցող ստեղծագործությունը։ 2020 թվականին OpenAI-ը ներկայացրել է Jukebox-ը, որը կարող է ստեղծել լիարժեք երգեր՝ վոկալով եւ տեքստերով։