PayPal-ը հայտարարել է, որ 2026-ից սկսած՝ օգտատերերը կկարողանան իրենց գնումները կատարել միանգամից ChatGPT-ից՝ OpenAI-ի «Instant Checkout» (Ակնթարթային վճարում) ֆունկցիայի եւ Agentic Commerce Protocol (ACP) նոր համակարգի շնորհիվ։

ACP-ն բաց կոդով պրոտոկոլ է, որը մշակվել է OpenAI-ի կողմից․ այն հնարավորություն է տալիս վաճառքով զբաղվողներին իրենց ապրանքները հասանելի դարձնել AI հավելվածներում, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են գնումներ կատարել արհեստական բանականությամբ աշխատող օգնականների միջոցով։ Իսկ «Instant Checkout»-ը, որը թողարկվել է սեպտեմբերին, թույլ է տալիս օգտատերերին հաստատել պատվերը, առաքման եւ վճարման տվյալները եւ ավարտել գնումը՝ առանց ChatGPT-ից դուրս գալու։

PayPal-ի օգտատերերը կկարողանան օգտագործել իրենց PayPal դրամապանակները վճարումների համար՝ պահպանելով գնորդի եւ վաճառողի պաշտպանությունը, ինչպես նաեւ վեճերի կարգավորման մեխանիզմները։ Ընկերությունը նաեւ տրամադրում է առանձին API՝ քարտային վճարումները ChatGPT-ի ներսում մշակելու համար։

Ավելի վաղ՝ 2026-ից առաջ, PayPal-ի ծառայությունները օգտագործող վաճառողների ապրանքները հասանելի կդառնան ChatGPT-ում որոնման միջոցով՝ սկսելով հագուստի, նորաձեւության, գեղեցկության, տան եւ էլեկտրոնիկայի կատեգորիաներից։ Վաճառող կողմը որեւէ ինտեգրում անելու կարիք չի ունենա, քանի որ բոլոր տեխնիկական գործընթացները PayPal-ը կկատարի իր կողմից։

Բացի այդ, PayPal-ը գործարկում է նոր «agentic commerce» փաթեթ, որը թույլ կտա ցուցադրել ապրանքացանկը տարբեր AI հավելվածներում, ընդունել վճարումներ տարբեր AI հարթակներից եւ ստանալ սպառողների վարքի մասին վերլուծական տվյալներ։

PayPal-ը վերջին ամիսներին ակտիվորեն փորձում է դառնալ վճարումների գործընկեր AI-ի վրա հիմնված առեւտրային փորձառությունների մեջ, քանի որ մարդիկ գնալով ավելի շատ են օգտագործում արհեստական բանականությունը առօրյա գործերի համար։ 

Մայիսից ընկերությունը համագործակցում է Perplexity-ի հետ՝ հնարավորություն տալով օգտատերերին կատարել գնումներ անմիջապես AI որոնման հարթակում, իսկ սեպտեմբերին PayPal-ը հայտարարեց Google-ի Agent Payments Protocol-ի ընդունման մասին՝ իր ծառայությունները Google-ի արտադրանքների հետ ինտեգրելու նպատակով։