16:43 | 07.11.25 | Նորություններ | 102
Ամփոփվել են Digital Startup Awards 2025-ի մրցույթի Best Startup Project անվանակարգի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլի արդյունքները։
Մրցույթի նպատակն է խթանել նորարարական գաղափարների զարգացումը, աջակցել տեխնոլոգիական ստարտափների աճին եւ նրանց ինտեգրմանը միջազգային էկոհամակարգում։
Best Startup Project անվանակարգի համար հայտ էր ներկայացրել 25 թիմ, որոնցից լավագույն 9-ը հնարավորություն է ստացել ներկայացնել իր գաղափարները ժյուրիին, որի կազմում էին՝ Գոհար Աբաջյանը (Enterprise Armenia), Մարի Բարսեղյանը (EIF/MIC), Ռուբեն Օսիպյանը (STAN Angel Investors) , Շախշոդ Նուրզուլաեւը (IT Park Ventures)։
Արդյունքում՝ որպես հայաստանյան կիսաեզրափակչի հաղթողներ ընտրվել են Empy եւ Reeducate ստարտափները, որոնք ներկայացնելու են Հայաստանը Տաշքենդում կայանալիք եզրափակիչ փուլում՝ պայքարելով գլխավոր մրցանակների համար։
Եվս 2 ստարտափ ստացել է հատուկ մրցանակ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից. Gotcha-ի թիմը՝ լավագույն փիչինգի համար 1000 եվրո դրամական պարգեւ, իսկ BeeSync–ի թիմը AI-Powered Smart Hive Monitoring System նախագծի համար՝ Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Coworking գոտուց օգտվելու եւ Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքներին հասանելիության հնարավորություն։
Digital Startup Awards ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում օգտվելու միջազգային փորձագետների խորհրդատվությունից, ընդլայնելու գործընկերային ցանցը եւ ամրապնդելու իրենց բիզնես մոդելները՝ պատրաստվելով ներդրումների ներգրավմանն ու նոր շուկաների ընդլայնմանը։
Digital Startup Awards մրցույթը միավորում է ստարտափ հիմնադիրների Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 8 երկրից՝ ստեղծելով հարթակ, որը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը եւ նորարարական գաղափարների գլոբալ ներկայացմանը։
IT-Park Uzbekistan-ի (StartupBase) եւ Ուզբեկստանի թվային տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվող մրցույթի հայաստանյան գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Enterprise Armenia-ն։