11:44 | 10.11.25 | Նորություններ | 102
CyHub Armenia-ն հայտարարել է AI APOCALYPSE 2025 CTF մրցույթի մեկնարկը՝ հրավիրելով կիբեռանվտանգությամբ հետաքրքրված բոլոր անձանց մասնակցելու այս տարվա ամենասպասված կիբեռմրցույթին։
24 ժամ շարունակ տասնյակ թիմեր պայքարելու են առավելագույն միավորներ հավաքելու եւ մրցույթի հաղթող դառնալու համար։ Այս տարի նույնպես լավագույն արդյունք ցույց տված առաջին երեք թիմերը կպարգեւատրվեն մրցանակներով։
Capture The Flag (CTF)-ը կիբեռանվտանգության միջազգային ձեւաչափ ունեցող մրցույթ է, որտեղ մասնակիցները լուծում են իրական սպառնալիքներին նմանեցված առաջադրանքներ՝ վեբ անվտանգությունից մինչեւ կրիպտոգրաֆիա, ռեվերս ինժեներիա եւ արհեստական բանականության շուրջ նոր առաջացող ռիսկեր։ Յուրաքանչյուր հաջող լուծում «դրոշ» է, եւ թիմերը մրցում են՝ հնարավորինս շատ դրոշներ հավաքելու համար։
AI APOCALYPSE 2025-ի նպատակն է՝
* զարգացնել մասնակիցների տեխնիկական հմտությունները կիբեռանվտանգության ոլորտում,
* խթանել թիմային ու քննադատական մտածողությունը,
* ստեղծել գործնական միջավայր՝ նմանակված հարձակումներով ու պաշտպանական սցենարներով,
* ապահովել ոլորտային մասնագիտական կապերի ստեղծում՝ հնարավորություն տալով հանդիպել կիբեռանվտանգության ընկերությունների, բանկերի, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվել հնարավոր է այստեղ։
Միջոցառումն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` իր «ՍայՀաբ - Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում եւ «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Հայաստանի կենտրոնական բանկը եւ Illuria-ն։ Միջոցառման իրականացմանն աջակցում են IDBank-ը եւ Idram-ը՝ որպես մրցանակների հովանավորներ, Amio Bank-ը եւ Hexens-ը՝ որպես Platinum հովանավորներ, Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր։