Նոյեմբերի 18-ին «Ինժեներական քաղաքում» ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։
Այս տարի ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, նշելով իր 20-ամյակը, միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։
Ucom-ը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայնքի ձեւավորումը եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։
Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում եւ Ֆրանսիայում, մասնակցել է 1,088 ուսանող: Նրանցից 34-ն անցել էր եզրափակիչ՝ երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երեւանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտում: Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էր Հայաստանը:
Առաջին մրցանակը Ալի Ռազմեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից շնորհվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։ Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվել է Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, եւս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։
Երկու երրորդ մրցանակները շնորհվեցել են Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, UEICT-ի նախագահ, Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանի կողմից Շրի Լանկայից Ռամեշկումար Ռաջինթանին եւ Ռուսաստանից Յուրի Տոմաշչուկին։ «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը՝ ի պատիվ Արման Ճաղարյանի հիշատակի, հանձնվել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ եւ Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի կողմից՝ Հարություն Կարապետյանին Հայաստանից։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։ Այս օլիմպիադան ապացույցն է, որ մեր երկիրը կարող է միավորել տաղանդներ աշխարհի տարբեր ծայրերից ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են աճել եւ մրցել գլոբալ մակարդակում։ Ուրախ եմ անձամբ մրցանակ հանձնել հաղթողներին՝ որպես նշան այն վստահության, որ այս երիտասարդները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլեւ ձեւավորում են ապագան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում եւ նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին եւ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
«Օլիմպիադան դարձել է հարգված եւ լայնորեն ճանաչված միջոցառում աշխարհի բազմաթիվ երկրներում: Երիտասարդ մասնագետները անհամբեր սպասում են օլիմպիադային մասնակցությանը, եւ նախապատրաստման գործընթացն ինքնին խորացնում է նրանց փորձառությունը», - ասել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ՈՒսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, հիմնվել է 2006 թվականին Synopsys ընկերության նախաձեռնությամբ եւ կազմակերպվում է Սինոփսիս Արմենիայի կողմից՝ IEEE միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի IEEE TTTC)-ի հետ համագործակցությամբ, որն ի նպաստ մարդկության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է։
Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչեւ 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ եւ ձեւավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա կառուցված գլոբալ ճարտարագիտական համայնք։