16:26 | 20.11.25 | Նորություններ | 259

Viva-ն եւ «Իմ անտառ Հայաստան»-ը 1,5 հա տարածքի վրա նոր անտառ են ստեղծում

Լեռնաջուր համայնքի բարձրադիր թեք լանջերին դարձյալ անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվում: Viva-ն հետեւողականորեն աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի ջանքերին՝ այս տարածքում անտառի ծածկույթն ընդլայնելու համար: Քառամյա համագործակցության տարիներից վերջին երկուսը նվիրվել է Լոռու մարզի լեռնային լանդշաֆտ ունեցող այս բնակավայրերին: Մոտեցման հիմքում ոչ թե կամայական որոշում է, այլ հեռանկարային ու ռազմավարական գործունեություն. բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայի փոփոխության հետեւանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Ստեղծվող անտառները էկոլոգիական օգուտներին զուգահեռ նաեւ կարգավորող եւ բնական աղետները կանխող գործառույթ կիրականացնեն: 

Լեռնաջուրում ընտրված աշխատանքային նոր 1,5 հա տարածքը նախորդ տարվա ծրագրով ստեղծված անտառի շարունակությունն է: Ծրագիրը համայնքներում եկամուտ է ապահովում տարվա երեք եղանակներին: Այս աշնանը տնկվում են մոտ 5600 փակ եւ բաց արմատային համակարգերով տեղական անտառային ծառատեսակներ՝ կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, հաճարենի, թխկի, կեչի, եւ մի քանի տեսակի թփեր: Viva-ի եւ «Իմ անտառ Հայաստան»-ի համագործակցությունը ենթադրում է բազմաշերտ արդյունք՝ բնության էկոհամակարգի կարգավորման, սոցիալական եւ կրթական բաղադրիչներով:

«Մենք ընդլայնում ենք երկրի թոքերի գործառույթն իրականացնող անտառային հատվածը, ձգտում կանխել անապատացումը, նպաստում ջրային ռեսուրսների պահպանմանը եւ պայքարում ենք սողանքների դեմ: Կարեւոր է նաեւ այն, որ այս ծրագիրն ապահովում է սեզոնային աշխատատեղ: Իսկ տնկիների բազմազանությունը թույլ է տալիս հարմարավետ միջավայր ստեղծել նաեւ վայրի կենդանիների համար՝ նպաստելով մարդ-վայրի բնություն համակեցությանը: Առհասարակ «կանաչ մտածողության» հիմքում պատասխանատու մոտեցումն է ամեն ինչի հանդեպ»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Անտառաստեղծմանը մասնակցող յուրաքանչյուր բնակիչ յուրօրինակ «դեսպան» է դառնում իր ընտանիքում, միջավայրում՝ «կանաչ մտածողության» սկզբունքները տարածելով երիտասարդների շրջանում:   

«Մարդու գործունեության արդյունքում բնությանը վնաս է հասցվում ամեն օր, եւ մեր հոգատարությունը նույնպես պետք է անդադար լինի։ Viva-ի հետեւողականությունը ցույց է տալիս, որ ընկերությունն իրոք գիտակցում է բիզնեսի դերն ու պատասխանատվությունը հասարակական ու բնապահպանական հարցերում։ Իսկ անտառապատումը միաժամանակ եւ՛ երկարաժամկետ խնդիրներ է լուծում, եւ՛ կարճաժամկետ․ այս պահին միայն սեզոնային աշխատանքում 150 հոգի է ներգրավված»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը: