15:20 | 27.11.25 | Նորություններ | 110
Կայացել է Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի հավանական շահառուների առաջին հանդիպումը։
Դրան մասնակցել են ոլորտի ներկայացուցիչներ, հետազոտողներ եւ նորարարական նախագծերով զբաղվող շահառուներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեության հիմնական նպատակը, ուղղություններն ու նախատեսվող աջակցության հնարավորությունները:
Խոսելով ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ գաղափարը ձեւավորվել էր դեռեւս նախորդ տարիներին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանում ԱԲ ոլորտի մասնագետների թիվը, բարձրացնել երկրի մրցունակությունն արտադրողականության բարձրացման միջոցով, ընդլայնել ԱԲ հետազոտությունների եւ նորարարական նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ամրապնդել հայկական ԱԲ էկոհամակարգը։
Գեւորգ Մանթաշյանը ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին (High-performance computing) հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը եւ դիմելու կարգի մասին քննարկում ծավալել։
Ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին ստանալ ԱԲ նախագծերի մշակման եւ փորձարկման համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ գրաֆիկական մշակման միավոր (GPU) եւ տվյալների պահուստավորման այլ տիրույթ։ Հաշվողական ռեսուրսներին զուգահեռ տրամադրվելու են նաեւ մասնագիտական խորհրդատվություն եւ մենտորություն՝ շահառուների նախագծերի ամբողջական զարգացմանը նպաստելու համար։
Նախաձեռնության գործընկերներ են Amazon Web Services եւ Mistral AI ընկերությունները։