16:28 | 10.02.26 | Նորություններ | 125
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանին։
Քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Ռեւ Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարեւորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
Նիկոլ Փաշինյանը եւ Ռեւ Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
Ռեւ Լեբարեդյանը ներկայացրել է նաեւ Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է գաղափարը եւ հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։