Հաշվապահների պատրաստման՝ Viva-ի աջակցությամբ իրականացված անվճար ծրագիրը ցանկալի արդյունք է տվել:
Կրթական և զբաղվածության տարբեր կարգավիճակ ունեցող արցախցի 30 կին պահանջված մասնագետ լինելու իրական հնարավորություն է ստացել: Սեղմ ժամկետներում՝ 105 ժամ դասընթացի շրջանակում, պատրաստվել են աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ: Ոմանց համար հաշվապահությունն առաջին մասնագիտությունն է դարձել, ոմանք կատարելագործել են արդեն ունեցած բազային գիտելիքները, մյուսները հումանիտար գիտելիքներ պահանջող մասնագիտությունը կտրուկ փոխարինել են տնտեսագիտականով: Ծրագրի ավարտին հավաստագրեր ստացած կանայք գոհ են արդյունքից և վստահ՝ աշխատաշուկայում որակավորված մասնագետ լինելու հարցում:
Ծրագիրն իրականացրել է հաշվապահության, կառավարման և բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը» (ՀՈՒՄԿ):
«Շատ կարևոր էր Viva-ի աջակցությունն այս ծրագրի իրականացման հարցում: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ այս կանայք ոչ միայն լավ մասնագետներ դառնան, այլև կարողանան ճկուն կերպով հարմարվել շուկայի պահանջներին: Օրինակ՝ ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ: Փորձել ենք սովորեցնել այսպես ասած փափուկ հմտություններ, որովհետև առանց դրանց, միայն մասնագիտական գիտելիքներով, շատ դժվար է աշխատանք գտնել: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Մենք իրականացրել ենք փոքրիկ հետազոտություն և արդյունքում պարզել, որ ծրագրի մասնակիցների 57 տոկոսն ունի աշխատանք, որոնցից 43 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ», - ասել է կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:
Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ ավելի քան քսան տարվա փորձ ունեցող գործընկեր կազմակերպությունները՝ Viva-ն և «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը (ՀՈՒՄԿ), արձանագրել են. ծրագիրը թույլ է տվել լուծել մշտական եկամտի աղբյուր ունենալու, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը: