Ucom-ի աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Վաղարշապատում ամփոփվել է «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։
Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում անցկացվող ֆորումին մասնակցում էր ավելի քան 800 պատանի եւ երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախքից, ինչպես նաեւ ավագ սերնդի փորձառու մասնագետներ, հաջողակ գործարարներ եւ մտավորականներ։
Ֆորումն անցկացվում է «շրջված» ֆորմատով, որտեղ ավագներն են լսում երիտասարդներին։ 8 պատանի խոսնակ կիսվել են իրենց յուրահատուկ փորձառություններով եւ ոգեշնչող պատմություններով՝ «Լինե՞լ, թե՞ չլինել ԱԲ-ին ընկեր», «Ուղեղը որպես ազգային ռեսուրս», «Հայ ռոբոտն օվկիանոսից այն կողմ» եւ այլ թեմաներով։ Ելույթներին նրանք պատրաստվել էին մեկ ամիս՝ պրոֆեսիոնալ մենտորների հետ, որոնց թվում էր նաեւ Ucom Ակադեմիայի ղեկավարը։
«Ucom-ում մենք կարեւորում ենք երիտասարդների ներուժի բացահայտումը եւ մարզերում տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ընդլայնումը։ «ԴեմԱռԴեմ» ֆորումը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են պատանիները ոչ միայն լսել, այլեւ ոգեշնչել ավագ սերնդին։ Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը, քանի որ ներդրումը սերունդների միջեւ կառուցողական երկխոսության մեջ՝ ամենակարեւոր ներդրումներից մեկն է մեր երկրի զարգացման համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ֆորումի տարածքում գործում էր նաեւ Ucom-ի տաղավարը, որտեղ երիտասարդները խաղացել են թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, լուսանկարվել AI ֆոտոխցիկով եւ ծանոթացել ընկերության գործունեությանը եւ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։
«Արդեն երրորդ անգամն է՝ «ԴեմԱռԴեմ»-ն ապացուցում է, թե որքան մեծ ներուժ կա մարզերում ապրող պատանիների մեջ, երբ նրանց պարզապես վստահում ես ու հարթակ տրամադրում։ Ucom-ի նման գործընկերների շնորհիվ այս ձայնն ավելի լսելի է դառնում ու իրական կապ ստեղծում սերունդների միջեւ։ Բայց մեր աշխատանքը միայն ֆորումով չի ավարտվում. ՄԵՄ ՀԿ-ն ողջ տարին մարզերում է՝ երեխաների կողքին։ Տարվա ընթացքում կազմակերպում ենք կրթական ճամբարներ ու երկու սերունդների ներգրավվածությամբ միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։
Ֆորումի ընթացքում գործում էր պատանիների կողմից ստեղծված եւ կառավարվող նախագծերի ցուցադրությունը, անցկացվել պանելային քննարկում՝ «Երեխայի զարգացում եւ ապագա. ո՞րն է մեր դերը» թեմայով, կազմակերպվեցին մրցույթներ ու անակնկալներ։
Միջոցառման վերջում Ucom-ի կողմից նվերներ ու մրցանակներ են հանձնվել ինտելեկտուալ խաղի հաղթողներին եւ ֆորումի խոսնակներին։ Ֆորումն ամփոփվել է Թմբաթա խմբի համերգով։