15:14 | 18.04.26 | Նորություններ | 247
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Firebird AI ընկերության միջեւ ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր:
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ «պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների, ինչպես նաեւ ընկերության հիմնադիրների գործուն ջանքերի շնորհիվ։
«Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում գիտության, առաջատար տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում՝ սահմանելով զարգացման նոր ուղենիշ»,- ասել է նախարարը։
Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ծրագրի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Հայաստանում գեներացվող ռեսուրսները նախ եւ առաջ ծառայեն տեղական էկոհամակարգի զարգացմանը։
Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի ստեղծված «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» (AIVI) հարթակը կծառայի այդ ռեսուրսների հասանելիության ապահովմանը։ Նախարարը նաեւ հավելել է, որ նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, տնտեսության եւ երկրի դիրքի ամրապնդմանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Firebird AI ընկերության հիմնադիր եւ տնօրեն Ալեքսանդր Եսայանն իր հերթին արձանագրել է, որ այս համագործակցությունը միտված է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի ամրապնդմանը եւ նորարարական նախագծերի խթանմանը։
Պայմանագրի կարեւորության մասին է խոսել նաեւ Nvidia-ի Omniverse եւ մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն զարգացող, այլ նաեւ առաջատար տեխնոլոգիական երկիր՝ առաջնորդելով աշխարհը։
«Այս գաղափարի նպատակն է` երկիրը դուրս բերել համաշխարհային առաջնագիծ՝ հենվելով արհեստական բանականության գերհամակարգիչների հզորության վրա։ Նախագծի առաջին փուլով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների գործարկումը Հայաստանին հնարավորություն կտան հասնել Գերմանիայի մակարդակին, իսկ մինչեւ տարեվերջ՝ երկրորդ փուլի ավարտին, այդ հզորությունների ընդհանուր ծավալով երկիրը կհայտնվի աշխարհի առաջատար հնգյակում։ Պետության եւ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվող այս ենթակառուցվածքը Հայաստանին հնարավորություն կտա ունենալ միլիարդավոր բնակչություն ունեցող երկրներին բնորոշ հզորություն եւ արտադրողականություն», - ասել է նա: