12:48 | 29.04.26 | Նորություններ | 213
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն՝ «Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի» հետ համատեղ, հայտարարում է «Գաղափարից մինչեւ պետական փորձարկում» դրամաշնորհային մրցույթը:
Ծրագրի նպատակն է աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչեւ նախատիպի ստեղծում եւ պետական փորձարկումների իրականացում:
Մրցույթի ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 30 մլն ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես սկսնակ թիմերը, այնպես էլ կայացած ռազմարդյունաբերական ընկերությունները: Մասնակցության հիմնական պայմանն է, որ ներկայացվող նախագիծը վերաբերի նոր մշակվող արտադրանքի կամ տեխնոլոգիական լուծման, որը գտնվում է նախնական կամ միջանկյալ փուլերում (TRL 1-5):
Մասնակից թիմերը պետք է ներկայացնեն վերջնական արտադրանքի հստակ տեխնիկական նկարագրությունը, իրականացման ժամանակացույցը եւ հիմնախնդրի բնութագիրը, ինչպես նաեւ հիմնավորեն նախագծի շուկայական կամ ռազմական կիրառման ներուժը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2026 թվականի մայիսի 15-ը՝ հետեւյալ հղումով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել mic@hti.am էլ.հասցեին: