12:35 | 04.05.26 | Նորություններ | 194
Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նոր հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։
Հոդվածում նախարարն անդրադառնում է արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությանը գլոբալ ուժերի վերաձեւավորմանը՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով եւ արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձեւում է այդ հավասարակշռությունը։
Նա առանձնացրել է ոլորտի զարգացման երեք առանցքային հիմնասյուները՝ էներգիան, հաշվարկային հզորությունները եւ մարդկային տաղանդը, փաստելով, որ դրանց արդյունավետ իրացումը հնարավոր է միայն պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցության շնորհիվ:
Նախարար Հայրապետյանը նշել է, որ ԱԲ տեխնոլոգիաները պահանջում են հսկայական էներգետիկ ռեսուրսներ։ Արդյունքում էլեկտրաէներգիան աստիճանաբար վերածվում է 21-րդ դարի ռազմավարական կարեւորագույն ռեսուրսի՝ ստանձնելով այն դերը, որ նախկինում ուներ նավթը։ Այս պայմաններում երկրների միջեւ սրվում է մրցակցությունը տվյալների կենտրոնների եւ ներդրումների ներգրավման համար: Այս համատեքստում Հայաստանն ակտիվորեն դիտարկում է ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը՝ համադրելով դրանք սեփական էներգետիկ հնարավորությունների հետ։
Անդրադառնալով մարդկային կապիտալին՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է STEM կրթության զարգացումը, ինժեներական էկոհամակարգերի ձեւավորումն ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնումը՝ նշելով, որ Հայաստանը հետեւողական քայլեր է ձեռնարկում նաեւ այս ուղղությամբ։
Ամփոփելով՝ նա համոզմունք է հայտնում, որ ԱԲ զարգացման հաջորդ փուլը ձեւավորելու են ոչ թե միայն խոշոր դերակատարները, այլ առավել ճկուն եւ մասնագիտացված փոքր սուբյեկտները։ Վերջիններիս հաջողության գրավականը բաց մտածողությունն է եւ սեփական մասնագիտացված կարողությունների հիման վրա մրցակցային առավելությունների ստեղծումը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: