Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարեւոր փաստաթղթեր։

Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ 

Հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջեւ համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական եւ նորարարական կարողությունները, ինչպես նաեւ նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ 

Այն ընդգրկում է բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը եւ մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ստորագրվել է մեկ այլ կարեւոր Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ՝ համագործակցության վերաբերյալ։

Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջեւ համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների եւ պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման եւ նորարարության ոլորտներում: 

Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը,պաշտպանական արդյունաբերության զարգացմանը: 

Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը եւ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։