13:48 | 06.05.26 | Նորություններ | 536

Meta-ն կսկսի AI-ի միջոցով որոշել օգտատերերի տարիքը

Meta-ն կսկսի AI-ի միջոցով վերլուծել օգտատերերի պրոֆիլների լուսանկարներն ու տեսանյութերը՝ տարիքը որոշելու համար, գրում է TechCrunch-ը։

Մասնավորապես, համակարգը կվերլուծի հասակը եւ մարմնի կառուցվածքի առանձնահատկությունները։ Ընկերությունում ընդգծում են, որ սա դեմքի ճանաչում չէ․ համակարգը չի որոշելու, թե ով է պատկերված լուսանկարում, այլ միայն կգնահատի մարդու մոտավոր տարիքը։ Բացի տեսողական վերլուծությունից, Meta-ն հաշվի կառնի նաեւ օգտատերերի գրառումները եւ մեկնաբանությունները։

Ընկերության տվյալներով՝ անչափահասներին ճանաչելու տեսողական հատկանիշներից են հասակը եւ մարմնի կառուցվածքը։ Սա պետք է օգնի հայտնաբերել մինչեւ 13 տարեկան օգտատերերին, որոնց հաշիվները Meta-ի հարթակներում կդեակտիվացվեն։

Նոր տեխնոլոգիան արդեն գործում է որոշ երկրներում, սակայն դրանց ցանկը Meta-ն չի հստակեցրել։ Ապագայում նախատեսվում է դրա կիրառման ընդլայնում։

Բացի այդ, Meta-ն գործարկել է «դեռահասների հաշիվներ» Instagram-ում Բրազիլիայում եւ ԵՄ երկրներում, ինչպես նաեւ դրանք հասանելի են դարձել Facebook-ում ԱՄՆ-ում։ Այս հաշիվները ներառում են սահմանափակումներ, օրինակ՝ ով կարող է գրել դեռահասներին եւ ինչ բովանդակություն նրանք կարող են տեսնել։

2026 թվականի հունվարին Meta-ն հայտարարել էր, որ Ավստրալիայում արգելափակել է 544 հազար հաշիվ՝ այն բանից հետո, երբ երկիրը արգելել էր սոցիալական ցանցերը մինչեւ 16 տարեկան դեռահասների համար։