ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Երեւանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին մասնակցել է «ԱԲ ինքնիշխանություն եւ մասշտաբայնություն․ առաջատար տեխնոլոգիաների կառավարումը մրցակցային աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության (ԱԲ) զարգացման եւ արդյունավետ կառավարման հարցերին, ինչպես նաեւ գլոբալ մրցակցության պայմաններում տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման կարեւորությանը՝ տեխնոլոգիական առաջընթացի, անվտանգության եւ ժողովրդավարական համակարգերի դիմակայունության համատեքստում։

Պանելային քննարկման ընթացքում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի կողմից NVIDIA եւ Firebird AI ընկերությունների հետ համագործակցությամբ արհեստական բանականության գործարանի ստեղծման նախաձեռնությանը՝ նշելով, որ արդեն ներկայացվել է ճանապարհային քարտեզ, որի շրջանակում նախատեսվում է ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում։ Նա ընդգծել է, որ ծրագիրը միտված է ոչ միայն հաշվարկային հզորությունների ստեղծմանը, այլեւ ԱԲ-ի համապարփակ եւ փուլային ներդրմանը Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում։

Նա ներկայացրել է նաեւ «Հայաստանը՝ ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգը՝ ընդգծելով երկրի էներգետիկ ներուժը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է էներգետիկ ոլորտում ներդրումները՝ ապահովելով արտադրվող էներգիայի արդյունավետ օգտագործումը նաեւ ԱԲ տվյալային կենտրոնների գործունեության համար։

Նախարար Հայրապետյանի խոսքով՝ ինքնիշխան ԱԲ ձեւավորելու համար անհրաժեշտ են ոչ միայն հաշվարկային հզորություններ, այլեւ պաշտպանված տվյալներ, մոդելների զարգացում եւ լեզվական միջավայրերի ձեւավորում։ Այս ուղղությամբ պետությունն ու մասնավոր հատվածը սերտորեն համագործակցում են՝ նպատակ ունենալով փուլային կերպով իրականություն դարձնել այս տեսլականը։

Նախարարն առանձնացրել է երեք առաջնային ուղղություն՝ ներդրումներ մարդկային կապիտալի զարգացման մեջ, աջակցություն մասնավոր հատվածին եւ հանրային կառավարման բարեփոխումներ։ Կրթության ոլորտում կարեւորվում է ԱԲ գործիքների ներդրումը եւ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների հասանելիությունը՝ AI Virtual Institute-ի միջոցով, որը համագործակցում է Amazon Web Services-ի եւ Firebird AI ընկերության հետ։

Մասնավոր հատվածում պետությունը խրախուսում է նորարարությունն ու հետազոտությունը՝ աջակցելով ընկերություններին անցում կատարել աութսորսինգից դեպի սեփական արտադրանքի ստեղծում, ինչպես նաեւ ապահովում է հաշվարկային ռեսուրսների հասանելիություն, իսկ հանրային կառավարման ոլորտում շեշտը դրվում է թվայնացման եւ ԱԲ լուծումների կիրառման վրա՝ խելացի կառավարման զարգացման նպատակով: