Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում  արագացված ընթացակարգով քննարկվել եւ ընդունվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքի նախագծերը:

Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»  օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝  

•    Աշխատանքային միգրանտին աջակցությունը կտրամադրվի իր գործատուի միջոցով, որպես միջնորդ: Սահմանվել է նաեւ, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ գումարը փոխանցելու է միգրանտին՝ որպես միգրանտի օգտին պետության կողմից կատարվող վճարում:
•    Օրենքի կարգավորումներից հանվում են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող անձանց պետական աջակցության տրամադրմանը վերաբերող դրույթները:
•    Առաջարկվում է R&D (գիտական հետազոտություններ եւ փորձարարական  մշակումներ)  մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառել նույն ժամանակաշրջանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 20%-ին համարժեք մեծությունը:
•    Տնտեսավարող սուբյեկտի տրամադրվող պետական աջակցության հաշվարկման համար ընդհանուր եկամտային հարկի 50% սահմանափակումը հանվում է:
•    Պետական աջակցության համար դիմելու հնարավորություն կտրվի նաեւ դուստր ընկերություններին, իրավաբանական անձանց մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին։