16:02 | 12.05.26 | Նորություններ | 631

Ucom-ը եւ Արեւորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները

Ucom-ը եւ «Արեւորդի» բնապահպանական ՀԿ-ն, համատեղելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման գործում, բնապահպանական եւ կրթական միջոցառում էին կազմակերպել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի անտառակայանում։ 

Ucom-ի աշխատակիցները, լեռնային լանդշաֆտների վերականգնման եւ էկոհամակարգերի դիմակայունության բարձրացման նպատակով՝ «Արեւորդի» ՀԿ-ի եւ FPWC-ի մասնագետների աջակցությամբ, մրգատու ծառեր տնկեցին անտառակայանում։ 

Նախաձեռնությունը կազմակերպվել է «առանց թափոնների» (Zero Waste) սկզբունքով՝ բացառելով միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը եւ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Այս համագործակցության շրջանակներում տարվա կտրվածքով տնկվում է 10 000 ծառ, ձեւավորելով Ucom-ի անտառը՝ Uforest-ը։ 

«Ucom-ը կանաչ ընկերություն է, եւ մենք կարեւորում ենք ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլեւ մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի եւ համայնքների վրա։ Uforest–ի գաղափարի իրականացումը վաղուց ենք սկսել, եւ շարունակելու ենք այն կյանքի կոչել։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս մեր թիմին գործնականում ներգրավվել կայուն զարգացման գործընթացներում եւ ձեւավորել պատասխանատու մտածողություն։ Մենք վստահ ենք, որ մեր բիզնեսի եւ մասնագիտական կազմակերպությունների համագործակցությունն է, որ կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ եւ նպաստել Հայաստանում կանաչ ապագայի ձեւավորմանը», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառման կրթական հատվածը ներառում էր «Էկոգյուղի մոդելավորման» (Ecovillage Design) աշխատարան, որն անցկացվեց «Արեւորդի» ՀԿ-ի կողմից՝ Gaia Education միջազգային ցանցի մեթոդաբանությամբ։ Ինտերակտիվ աշխատարանի ընթացքում Ucom-ի թիմը ուսումնասիրել է կայուն զարգացման սկզբունքները՝ էկոլոգիական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ կառավարման տեսանկյուններից՝ կիրառելով դրանք կազմակերպչական միջավայրում։

«Մեզ համար առանցքային է տեսնել, թե ինչպես են խոշոր կազմակերպությունները, ինչպիսին Ucom-ն է, պատրաստակամորեն որդեգրում կայուն զարգացման արժեքները։ Արեւորդին կարեւորում է ոչ միայն գործնական բնապահպանական քայլերը, այլեւ այն գիտակցության փոփոխությունը, որը տեղի է ունենում թիմերի ներսում նմանատիպ աշխատարանների միջոցով։ Սա համակարգային մոտեցում է, որտեղ բիզնեսը, քաղաքացիական հասարակությունն ու բնությունը հանդես են գալիս մեկ ընդհանուր շահի շուրջ՝ հանուն կայուն եւ դիմակայուն ապագայի», - նշել է Արեւորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։ 

Ucom-ի եւ «Արեւորդի» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկում ծավալեցին նաեւ 2026-ի հոկտեմբերին Երեւանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի (COP17) շուրջ։ Շեշտադրվեց մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության համագործակցության դերը՝ որպես Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հիմնական գործոն։