Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։
Մրցույթի մարզային փուլերն այս տարի ունեցել են 1320 մասնակից, որոնցից հանրապետական փուլ են անցել 147-ը։
2015 թվականից անցկացվող «ԴիջիԿոդ»-ը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրված պատանիներին Հայաստանի բոլոր անկյուններից։ Մրցույթն անցկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագիրը։
Մրցույթի նպատակն է նպաստել պատանիների ալգորիթմական մտածողության զարգացմանը եւ բացահայտել վաղվա տեխնոլոգիական առաջնորդներին։
«ԴիջիԿոդ 2026»-ն անցկացվում է մի շարք անվանակարգերով՝ ընդգրկելով հետեւյալ ուղղությունները՝ վիրտուալ լաբորատորիաներ, սարքերի ինտեգրում, հեքիաթներ, պատմումներ, համակարգչային խաղեր, ինտերակտիվ անիմացիա
ֆինանսական գրագիտություն, KTurtle/Կրիայ օլիմպիադա, Python օլիմպիադա։
«Ֆինանսական գրագիտություն» անվանակարգն այս տարի անցկացվում է առաջին անգամ։
Մրցույթի ծրագրում ներառված «KTurtle/Կրիայ» եւ «Python» օլիմպիադաներն ուղղված են լավագույն ալգորիթմական լուծումների բացահայտմանը։ Մասնակիցները կարող են ներկայացնել նաեւ սարքերի ինտեգրման նախագծեր՝ Python կամ C++ ծրագրավորման լեզուների կիրառմամբ։
Կրիայ եւ Python օլիմպիադաներին մասնակցությունը նախատեսված է անհատական ձեւաչափով, իսկ մյուս անվանակարգերում երեխաները մասնակցում են ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով։
Հաղթողների սպասում են դրամական մրցանակներ, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրեր եւ արժեքավոր այլ նվերներ։