Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիան հայտարարել է հնդկական Red Balloon Aerospace-ի հետ համագործակցության հուշագիր կնքելու մասին:
Այն ուղղված է մոտակա տիեզերքում փորձարարական առաքելությունների եւ մթնոլորտային հետազոտությունների համատեղ իրականացմանը, օգտակար բեռ-հարթակ ինտեգրման եւ ստրատոսֆերայում բարձր մթնոլորտային գործառույթների տեխնոլոգիաների զարգացմանը։
Հուշագրի հիմնական ուղղություններն են․
• Համատեղ ստրատոսֆերային փորձարարական առաքելություններ,
• Օգտակար բեռների ինտեգրում բարձր մթնոլորտային հարթակի հետ,
• Մթնոլորտային հետազոտություններ եւ ինքնավար AI (արհեստական բանականություն),
• Համաձայնեցված բիզնես զարգացում Հայաստանում, Հնդկաստանում եւ դրանց սահմաններից դուրս։
Կոնկրետ տեխնիկական եւ գործառնական գործողությունները կկարգավորվեն կողմերի միջեւ համաձայնեցված աշխատանքային պլաններով եւ տեխնիկական հանձնարարություններով։
Բզումքից նշում են, որ համագործակցությունը մասնավոր հատվածի ներդրումն է Հայաստանի պետական ջանքերում՝ ձեւավորելու եւ ուժեղացնելու երկրի տիեզերական տեխնոլոգիաների արդյունաբերությունը, ինչն առաջ կմղի հայկական ավիատիեզերական ոլորտը գործնական միջազգային համագործակցության միջոցով։
Red Balloon Aerospace-ը վերջերս իրականացրել է SANA առաքելությունը՝ Հնդկաստանի առաջին տեղական արտադրության գերճնշումային ստրատոսֆերային հարթակի թռիչքը, ինչը Հնդկաստանին դարձրեց աշխարհում ընդամենը հինգ երկրներից մեկը, որոնք ունեն ստրատոսֆերային ջրածնային օդապարիկների ստեղծման եւ կիրառման ինքնուրույն կարողություն։ Համագործակցությունը միավորում է մոտակա տիեզերքում Red Balloon-ի բարձր մթնոլորտային հարթակների մասնագիտական փորձը Bazoomq-ի տիեզերական հետազոտությունների, օգտակար բեռի փորձարկման եւ վերգետնյա համակարգերի փորձի հետ։