11:36 | 26.06.26 | Նորություններ | 96

Հայկական Netris-ը ներգրավել է 15 միլիոն դոլար ներդրում

Netris-ը հայտարարել է 15 միլիոն դոլարի A սերիայի ներդրումային փուլի հաջող ավարտի մասին, որը գլխավորել է Andreessen Horowitz-ը (a16z)։

Ներդրումային փուլը ղեկավարել է Գուիդո Ապենցելերը, որը կմիանա Netris-ի տնօրենների խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաեւ a16z-ի գործընկերներ Մարտին Կասադոն եւ Ռագհու Ռագուրամը՝ տվյալների կենտրոնների ցանցային վիրտուալացման ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք կանգնած են Nicira, NSX եւ VMware տեխնոլոգիաների ստեղծման հիմքում։

Netris-ում նշում են, որ ութ տարի առաջ հավատացել էին, որ ցանցային ենթակառուցվածքները դառնալու են հաշվողական համակարգերի ամենաբարդ խնդիրներից մեկը, մինչդեռ այդ ժամանակ նման կարծիքը լայն աջակցություն չէր ստանում։ Ընկերության նպատակն էր հասանելի դարձնել այնպիսի ավտոմատացման գործիքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն խոշոր արագ աճող ընկերություններին։

Արհեստական բանականության արագ զարգացման հետ միասին ցանցային ենթակառուցվածքներն դարձան ոլորտի հիմնական խոչընդոտներից մեկը։ Ժամանակակից GPU կլաստերներն աշխատում են միաժամանակ մի քանի ցանցային միջավայրերում՝ Ethernet, InfiniBand եւ NVL72, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական կառավարման համակարգը։ Ընկերության խոսքով՝ նույնիսկ մեկ սխալ կարգավորում կարող է շարքից հանել ամբողջ GPU կլաստերը։

Netris-ի հարթակը ավտոմատացնում է ցանցային կառավարումը բոլոր այս միջավայրերում եւ ապահովում է իրական բազմավարձակալություն (multi-tenancy)՝ ցանցային սարքավորումների մակարդակում իրականացվող խիստ մեկուսացման միջոցով։ Սա հնարավորություն է տալիս օպերատորներին ստեղծել ընդհանուր GPU ամպային ենթակառուցվածքներ, առավել արդյունավետ օգտագործել GPU ռեսուրսները եւ արագ տրամադրել նոր միջավայրեր հաճախորդներին։

«Netris-ը տարիներ շարունակ կառուցել է այն հարթակը, որը AI ամպային ենթակառուցվածքների օպերատորներն այսօր ընդունում են որպես ստանդարտ։ Հենց այդ հիմքի շնորհիվ մենք արդեն իրականացրել ենք ավելի քան 35 գործող ներդրում աշխարհի խոշորագույն AI ամպային ենթակառուցվածքներից շատերում եւ ձեւավորել ենք դրանց շուրջ գործընկերային էկոհամակարգ։ Andreessen Horowitz-ն ունի ոլորտ ձեւավորող ենթակառուցվածքային ընկերություններում ներդրումներ կատարելու երկարամյա փորձ։ Մարտին Կասադոն, Ռագհու Ռագուրամը եւ Գուիդո Ապենցելերը հեղափոխել են տվյալների կենտրոնների ցանցային տեխնոլոգիաները։ Netris-ը նույնն է անում արհեստական բանականության ոլորտում», - նշել է Netris-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալեքս Սարոյանը։

Ընկերության տվյալներով՝ վերջին 12 ամսվա ընթացքում Netris-ի տարեկան պարբերական եկամուտը (ARR) աճել է 800%-ով, իսկ ակտիվ ներդրումների թիվը գերազանցել է 35-ը։ Netris-ի լուծումներն արդեն օգտագործում են խոշոր AI ամպային ծառայություններ, AI օպերատորներ եւ AI գործարաններ։