ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հունիսի 23–25-ը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մասնակցել է «CEA-Leti» գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած «LID World Summit 2026» միջազգային գագաթնաժողովին։
Միջոցառումը նվիրված էր տեխնոլոգիական ոլորտի գլոբալ զարգացումներին եւ համախմբել էր ավելի քան 1250 մասնակցի ու շուրջ 400 առաջատար ընկերության ներկայացուցչի Եվրոպայից, Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։
Գագաթնաժողովի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ AMD, ASML, Siemens EDA, STMicroelectronics, Sumitomo Electric Industries, Murata Manufacturing ներկայացուցիչների, ինչպես նաեւ Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի (SIA) ղեկավարության հետ:
Նա գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությունները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նոր օրենսդրական գործիքները, ինչպես նաեւ արհեստական բանականության եւ տվյալային ենթակառուցվածքների ոլորտում երկրի առկա ներուժը։ Քննարկվել են հայաստանյան ինժեներական ներուժը գլոբալ արժեշղթաներում եւ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործընթացներում ներգրավելու հնարավորությունները։
Համագործակցության հեռանկարային ուղղություններից Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ գիտահետազոտական ու փորձարարական մշակումների (R&D) կենտրոնների ստեղծումը, ինչպես նաեւ բուհերի հետ կիսահաղորդչային նախագծման եւ էլեկտրոնային ավտոմատ նախագծման կրթական ծրագրերի համակարգումը:
Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել աշխատանքային շփումները շարունակելու պայմանավորվածություններ։ Նախատեսվում է, որ 2026 թվականի ընթացքում մի շարք գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության այցը Հայաստան՝ ներդրումային եւ ինստիտուցիոնալ ծրագրերը գործնական մակարդակում քննարկելու նպատակով: