12:23 | 16.07.26 | Նորություններ | 278

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արեւային կայան

Ucom-ի աջակցությամբ «Արեւորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ տեղակայված հզորությամբ նոր արեւային ֆոտովոլտային կայան։ 

Կայանը նախատեսված է տեղի մանկապարտեզի եւ մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։

Արեւային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Արտադրված էներգիան, ինչպես նաեւ դրա շնորհիվ խնայված միջոցները, կուղղվեն ձմռան ամիսներին կրթական եւ սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների ապահովմանը՝ երեխաների եւ պատանիների համար ստեղծելով առավել հարմարավետ ու տաք պայմաններ։

«Ucom-ի համար կանաչ օրակարգը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ուղղություն չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարեւոր մաս։ Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է․ կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը եւ ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաեւ այն երկարաժամկետ արժեքով, որը ստեղծվում է մարդկանց, համայնքների եւ շրջակա միջավայրի համար»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արեւային էներգիայի հասանելիությունը հայաստանյան համայնքներում ունի ոչ միայն բնապահպանական, այլեւ սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակություն։ Շենավանում տեղադրված այս կայանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է կանաչ տեխնոլոգիաների միջոցով թեթեւացնել համայնքային հոգսերն ու ուղիղ ներդրում կատարել երեխաների ապագայի մեջ։ Բարձր ենք գնահատում Ucom-ի պատասխանատու մոտեցումը, որի շնորհիվ համատեղ քայլերով նպաստում ենք մեր մարզերում էներգաանկախության եւ կայուն միջավայրի ձեւավորմանը»,- նշել է «Արեւորդի» ՀԿ նախագահ Սոնա Քալանթարյանը։

Արեւային կայանի տեղադրումը եւս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Այն տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կծառայի որպես կայուն եւ անվտանգ էներգիայի աղբյուր։

Ucom-ը եւ «Արեւորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ունեն համատեղ ծրագրերի իրականացման երկարամյա փորձ։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից եւ երիտասարդների շրջանում էկո-մտածելակերպի ձեւավորումից մինչեւ հեռավոր համայնքներում էներգախնայող եւ վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման եւ կայուն ապագայի։