Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 3-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Թադեւոսյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։
Civilnet-ը հայտնում է, որ Դավիթ Թադեւոսյանը 2012-2014-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) ստացել է ճարտարագիտության եւ կառավարման մագիստրոսի աստիճան (Master of Science in Engineering and Management)՝ համակարգերի նախագծման եւ կառավարման (System Design and Management) մասնագիտացմամբ։
Դավիթ Թադեւոսյանը բարձրագույն կրթությունը սկսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1999-2003-ին նա ստացել է պետական եւ մունիցիպալ կառավարման բակալավրի աստիճան, իսկ 2003-2005-ին նույն համալսարանում շարունակել է ուսումը եւ ստացել մագիստրոսի աստիճան՝ պետական եւ մունիցիպալ կառավարման մասնագիտությամբ։
2024-25 թվականներին Դավիթ Թադեւոսյանը եղել է Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրեն։
Աշխատել է նաեւ Լեռնամետալուրգիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ որպես տեխնիկական տնօրեն։ 2019-2020-ին Դավիթ Թադեւոսյանը զբաղեցրել է SberSpinoff ընկերության գործառնական գծով փոխնախագահի (VP of Operations) պաշտոնը։
2017-2018թթ. Դավիթ Թադեւոսյանը եղել է «Վալլեքս Մայնինգ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։