11:09 | 05.08.26 | Նորություններ | 135

Հնդկաստանում Ցուկերբերգից պահանջել են ներողություն խնդրել

Հնդկաստանի խորհրդարանի Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից պահանջել է երեք օրվա ընթացքում ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Facebook-ում ժամանակավորապես անհասանելի էր դարձել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի տեսաուղերձը։

Հանձնաժողովը միջադեպը բնութագրել է որպես «ոտնձգություն ժողովրդավարության դեմ»՝ ընդգծելով, որ հրապարակումն արտահայտում էր ոչ միայն վարչապետի, այլեւ 1,4 միլիարդ հնդիկների ձայնը։

Պատգամավոր Նիշիկանտ Դուբեյի խոսքով՝ եթե Meta-ն պատասխանատվության չենթարկի միջադեպի համար պատասխանատուներին, ընկերությունը կարող է զրկվել Safe Harbour կարգավիճակից, որն ապահովում է առցանց հարթակների իրավական պաշտպանությունը։ Նաեւ հնարավոր է իրավական գործընթաց սկսվի ընկերության դեմ։

Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ հուլիսի 23-ին հրապարակված Մոդիի տեսանյութը, որը վերաբերում էր վերաբերում էր քննությունների հարցաթերթիկների արտահոսքի դեմ պայքարի միջոցառումներին, հուլիսի 28-ի վաղ առավոտյան ժամանակավորապես անհասանելի էր դարձել Facebook-ում։

Ավելի վաղ Meta-ն հայտնել էր, որ բովանդակությունը հեռացվել էր տեխնիկական սխալի պատճառով եւ վերականգնվել է խնդիրը հայտնաբերելուց անմիջապես հետո։