ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադեւոսյանը նախարարի տեղակալ Տաթեւ Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»։
«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը, NI-Emerson Հայաստանի տնօրեն Արսեն Առուստամյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի փոխնախագահ Անահիտ Պարզյանը եւ ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը նախարարին ներկայացրել են «Ինժեներական քաղաքի» էկոհամակարգը, արդի ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիական հնարավորությունները։
Այցի ընթացքում քննարկվել են տարածքում տեղակայված ընկերությունների եւ առաջադեմ հետազոտական լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցության հաջողված օրինակները։
Անդրադարձ է կատարվել նաեւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բազմակողմ գործունեությանը՝ մասնավորապես Ինժեներական քաղաքում իրականացվող նախաձեռնություններին, կրթական ծրագրերին, ինչպես նաեւ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ճարտարագիտության, գիտահետազոտական եւ նորարարական էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այցի ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, նորարարական լուծումների խթանման եւ առաջատար ընկերությունների համար բարենպաստ միջավայրի ձեւավորման հեռանկարները։
Ընդգծվել է «Ինժեներական քաղաքի» փորձը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ, որտեղ պետական աջակցությունը, մասնավոր ընկերությունների ներգրավվածությունն ու միջազգային գործընկերությունը համատեղ նպաստում են տեխնոլոգիական եւ ինժեներական ներուժի զարգացմանը։
Կողմերը կարեւորել են նման համագործակցության շարունակական ընդլայնումն ու նոր նախաձեռնությունների իրականացումը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հետագա զարգացման նպատակով։